ՌԴ-ՀՀ հարաբերություններում ձեր շահագրգռությունը բարձր է գնահատվում. Պուտինը` Սարգսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է. նախագահը դառնում է 67 տարեկան։ Ծննդյան օրվա կապակցությամբ նախագահն արդեն շնորհավորանքներ է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանք է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,– իր շնորհավորական ուղերձում նշել է Պուտինը։
Պուտինը Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Նշենք, որ այսօր Արմեն Սարգսյանը դառնում է 67 տարեկան։