Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կվերսկսվի. ներկա կլինի Քոչարյանը

Հայտնի է, թե երբ կկայանա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման` Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընդհատված նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Դատական նիստը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը։ Նիստին ներկա կլինի նաև Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը տանն է, բայց ստացիոնար բուժում է ստանում։

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

«Տանը». Ռոբերտ Քոչարյանի տեսքն ուրախացրել է հետևորդներին. լուսանկար

ՀՀ ՍԴ-ն էլ այսօր հայտնել էր` Քոչարյանի գործի քննությունը հուլիսի 7-ին կվերսկսի։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։