Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը. լուսանկարներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցող ռուսաստանցի բժիշկների հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

«Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։ Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱՆ–ից նաև հայտնում են, որ չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումներ և անձնական պաշտպանիչ պարագաների խմբաքանակ։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս ընթացում արդեն բժշկական խմբեր են ժամանել Ֆրանսիայից և Լիտվիայից։ Մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև Լեհաստանից և Սերբիայից։ Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: 

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 320–ով և հասել 20 588-ի։