Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

Նրանք ևս աշխատում են լարված ու ժամեր շարունակ՝ երբեմն նույնիսկ ժամանակ չգտնելով իրենց հատկացված կացարան գնալու և հանգստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողները խիստ ու ծանրաբեռնված օրակարգով են աշխատում։ Նրանցից շատերն արդեն ամիսներ ու շաբաթներ է՝ տանը չեն եղել։ Հայաստանցի գործընկերներին օգնության են հասել տարբեր երկրների բժիշկներն ու փորձագետները։

Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք. Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին

Առաջինը Հայաստան ժամանեցին ֆրանսիացի բժիշկները։ Նրանք արդեն Ֆրանսիայում հաղթել են կորոնավիրուսի համավարակը և շտապել են Հայաստան՝ օգնելու իրենց փորձով և մասնագիտական կարողություններով։ Նրանք ևս աշխատում են լարված ու ժամեր շարունակ՝ երբեմն նույնիսկ ժամանակ չգտնելով իրենց հատկացված կացարան գնալու և հանգստանալու համար։

ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատակից, լրագրող Սևակը Հակոբյանը Facebook-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել, որում ֆրանսիացի բժիշկներից մեկն է։

«Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնն է։ Երեկ գնացինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, քնել էր միջանցքում»,- լուսանկարին կից գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիացի մասնագետները գործունեություն են ծավալում երեք հիվանդանոցներում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում։

Երկու օր առաջ Հայաստան ժամանեցին նաև լիտվացի բժիշկները։ Ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ: Մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև Լեհաստանից և Սերբիայից։

Երկիրը «պատերազմի» մեջ է, բուժաշխատողներն` առաջնագծում. Արսեն Թորոսյան

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին: Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան թեստավորում է իրականացնում Հայաստանում: