Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Sputnik Արմենիան բուժաշխատողի օրվա առթիվ զրուցել է ապագա բժիշկ Շահանե Բաղրամյանի հետ, որը դեռ Հիպոկրատի երդում չտված, անցել է անձնուրաց կամավորական աշխատանքի կորոնավիրուսի դեմ պայքարում։
Sputnik

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

Այսօր բուժաշխատողների օրն է։ Այս տարի, ինչպես  բուժաշխատողներն են ասում, տոնելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ սիրտ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին ու մինչ օրս բուժաշխատողները պայքարում են հազարավոր վարակվածների կյանքերի համար։

Վտանգն անտեսելով` կորոնավիրուսի դեմ ծանր պայքարում նրանց օգնության հասան կամավորները։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Այդ կամավորներից մեկը 21-ամյա Շահանե Բաղրամյանն է։ Սովորում է Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն բաժնի 4-րդ կուրսում։

Մարտի 16-ից առողջապահության նախարարությունը սկսեց կամավորների հավաքագրման գործընթացը։ Շահանեն առաջիններից էր, որ արձագանքեց նախարարության հորդորին։

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

«Համալսարանում մեր խմբի ավագն եմ, հայտարարությունը լսելուց հետո զանգահարեցի կուրսեցիներիս, ասացի, որ կամավորական աշխատանք կա, և ես մասնակցում եմ։ Գիտակցում էի, եթե ես այդ ռիսկին չգնամ, չեմ կարող ուրիշներից դա ակնկալել։ Ընտանիքիս անդամները սկզբում շոկի մեջ էին, բայց հասկացան, որ այլ ելք չկա»,-պատմում է Շահանեն։

Կուրսից շատերն են միանում Շահանեի հորդորին, այդ թվում` իր մտերիմ ընկերուհիներից 2-ը։

Ժպիտով է նշում, առանց ընկերուհիների դժվար կլիներ։Ուսման ընթացքում շատ փորձություններ են միասին հաղթահարել, վստահ է՝ սա էլ են հաղթահարելու։

Սպասված զանգը եղավ ապրիլի 3-ին։ Շահանեին և ընկերուհիներին տեղավորեցին մեկուսարաններից մեկում,որտեղ պետք է զբաղվեին կոնտակտավորների խնամքով, 14 օր հետևեին նրանց առողջական վիճակին, եթե սիմպտոմներ ի հայտ գային, թեստավորում իրականացնեին և, իհարկե, սնունդ բաժանեին։

Նախնական պայմանավորվածությամբ` նրանց կամավորական աշխատանքը պետք է տևեր 14 օր, բայց օր-օրի ավելացող հիվանդացության դեպքերը թույլ չեն տալիս ավարտել աշխատանքն ու տուն գնալ։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

«Իմ կյանքում առաջին անգամ է, որ տանից բացակայում եմ, այն էլ այսքան երկար ժամանակով։ Սկզբում դժվար էր ընտանիքիս  անդամների գերհոգածությունից զրկվելը և մարդկանց խնամելը, նրանց հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելը, հետո սովորեցինք։ Այս ընթացքում 3 անգամ եմ տուն գնացել, որոնցից մեկը փոքր եղբորս ծննդյան տարեդարձին»,–պատմում է աղջիկը։ Շահանեն այլ նվեր գնելու ժամանակ չի ունեցել, «Զիփլայն» ատրակցիոնի 3 տոմս է պատվիրել, քանի  որ ընտանիքում երեք երեխա են։ Հույս ուներ, որ ամեն ինչ շուտ կավարտվի ու երեեքով միասին կգնան զվարճանալու։ Չստացվեց։ «Եղբայրս տոմսերը պահել է, չի ուզում առանց ինձ գնալ, մենք երկար ժամանակ իրարից հեռու լինելուն սովոր չենք»։

Տոնի առթիվ. «Շտապօգնության» բոլոր աշխատակիցները դրամական պարգևներ են ստացել «Տաշիրից»

Բուժանձնակազմով ու կամավորներով էին մի ընտանիք դարձել, նրանց պարբերաբար 14 օրով միանում էին ընտանիքի նոր անդամներ։

«Անհամբեր սպասում էինք յուրաքանչյուրի թեստի պատասխանին։ Ամենաուրախ  պահերից մեկն այն էր, երբ թեստի պատասխանը բացասական էր լինում։ Հիշում եմ` ինչ սթրես տարա, երբ առաջին անգամ թեստավորվեցի։ Լարված սպասում էինք թեստի պատասխանին, քանի որ գիտակցում էի, որ ոչ մեկն էլ ապահովագրված չէ, ինչքան էլ որ պահպանում ենք հակահամաճարակային կանոնները։ Հատկապես վախենում էի, երբ շատանում էին վարակված բուժաշխատողները։ Երբ թեստի բացասական պատասխանը գալիս էր, մի պահ ընկերներով հավաքվում էինք, գրկախառնվում, ուրախանում, հետո էլի ախտահանվում ու անցնում աշխատանքի»,-պատմում է Շահանեն ու ընդգծում, որ որքան էլ աշխատանքը բարդ է ու պատասխանատու, իրենց կողքին են փորձառու  բուժաշխատողները, որոնցից այնքան բան են հասցրել սովորել։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Երբ իրավիճակն այնքան բարդացավ, որ անհնար էր հասկանալ, թե ով ումից է վարակվել և այլևս պետությունն ի վիճակի չէր կոնտակտավորներին մեկուսարաններ տրամադրել, Շահանեի աշխատանքը փոխվեց։ Իրենց թիմը սկսեց զբաղվել արտերկրից Երևան ժամանող ուղևորներին նախապես նշված հասցեներ տեղափոխելով` միևնույն ժամանակ հսկողություն սահմանելով ինքնամեկուսացածների վրա, որպեսզի նրանք 14 օր չլքեն նշված վայրը։

Շահանեին մտահոգում ու նյարդայնացնում է այն հանգամանքը, որ դեռ շատերը կորոնավիրուսին չեն հավատում։

Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք. Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուս գոյություն ունի, մի սպասեք, որ ձեր հարազատը հայտնիվի վերակենդանացման բաժանմունքում, նոր միայն հավատաք վիրուսի գոյությանը։ Գիտեմ, դիմակ կրելը դժվար է, բայց երբ տեսնում ենք կյանքի ու մահվան հետ կռիվ տվող հիվանդին, հասկանում ենք, որ ավելի լավ է մեզ մի քիչ նեղություն տանք, քան այդ վիճակում հայտնվենք։ Մեր մաշկն էլ է ալկոգելից վնասվում, շատերս սպիրտից ալերգիա  ունենք, բայց դիմանում ենք»,-հորդորեց Շահանեն ու պնդեց, որ կորոնավիրուսին չհավատալու ամենամեծ պատճառներից մեկը սոցցանցերում առկա միֆերն են, դրանցից թերևս ամենահայտնին՝ չիպավորումն է։

«Երբ կոնտակտավորներին ասում էինք, որ գալու են իրենց թեստավորեն, շատերը պանիկայի մեջ էին ընկնում, վախենում էին ու հարցնում, թե այդ չիպը կոկորդում են տեղադրում, թե ուրիշ տեղ։ Բացատրում էինք, որ նման բան չկա, որ մենք էլ ենք թեստավորվել և ողջ-առողջ իրենց դիմաց կանգնած ենք»։

Շահանեն շնորհակալություն է հայտնում բոլոր այն գիտակից քաղաքացիներին, որոնք սոցցանցերն օգտագործում են հակահամաճարակային կանոները քարոզելու համար։

Նրա խոսքով՝ դա իրենց հոգեպես ամրապնդում է, քանի որ այս իրավիճակը կարելի է հաղթահարել միայն համազգային բարձր պատասխանատվության շնորհիվ։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

«Երբ համավարակն ավարտվի, առաջին բանը, որ կանեմ, կգնամ տուն, կգրկեմ հարազատներիս, փոքրիկ զարմիկներիս ու միասին կնշենք մեր հաղթանակը»,-եզրափակեց Շահանեն։    

Մեր  հերոսուհին բուժաշխատողների օրվա կապակցությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պատվոգիր է ստացել՝ անձնվեր ծառայության և իրականացրած պատասխանատու աշխատանքի համար։

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Հավելենք, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված կամավորների ընդհանուր թիվը 226-ն է:

Կամավորներից 118-ը ներգրավված են եղել հատուկ կարանտինային վայրերում, 6-ը` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում», 25-ը` առողջապահության նախարարության տարբեր ստորաբաժանումների և ենթակա կառույցների աշխատանքներում, 30-ն աջակցել են տեղեկատվական բազաներում մուտքագրումների աշխատանքներին: 

Երկիրը «պատերազմի» մեջ է, բուժաշխատողներն` առաջնագծում. Արսեն Թորոսյան

Կամավորների առողջապահության համակարգում հետագայում աշխատելու հետ կապված հարցեր առողջապահության նախարարությունում դեռևս չեն քննարկվել: Իսկ կամավորական գործունեության համար դրամական պարգև, ըստ ԱՆ-ի, նախատեսված չէ:

Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը

Իսկ մեզ մնում է շնորհավորել բուժաշխատողներին, շնորհակալություն հայտնել նրանց մարդկանց կյանքերը փրկելու համար և մաղթել համբերություն ու շուտափույթ  վերադարձ, վերադարձ սեփական ընտանիք։