Առավել տուժած ոլորտների 37 հազար աշխատակիցներ 2-րդ անգամ աջակցություն կստանան պետությունից

Սոցաջակցության ծրագրից օգտվելու են հանրային սննդի, զբոսաշրջության, սպորտի, խաղատների, մանկապարտեզների այլ ոլորտի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացնում է, որ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն։

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն

«Այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ աջակցություն կստանա՝ անկախ աշխատավարձի չափից։ Ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ է կազմում»,–Facebook–ի իր էջում գրել է Սարգսյանը:

Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է dimum.ssa.am կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:

Աջակցությունից օգտվելու են վարձու աշխատողները, մասնավորապես, հանրային սննդի, զբոսաշրջության, սպորտի, խաղատների, մանկապարտեզների, հանգստի կազմակերպման և այլ ոլորտի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում արդեն իսկ 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել։

Հունիսի 18–ին էլ ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը։