Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիայի միջոցով 1 օրում 200 հետազոտություն է արվում

Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ, դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի միջոցով կարողանում են 1 օրում մինչև 200 նմուշի հետազոտություն անել։

«Շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները, հնարավորություն են տալիս թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում»,–գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ` դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացման և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։

Ստեփանյանը վստահեցնում է` բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին երկու ռուսական Իլ-76 ինքնաթիռներ Հայաստան հասցրին ախտահանման համակարգեր և կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիան։

Սարքավորումները հնարավորություն են տալիս օպերատիվ կերպով ստուգել վիրուսի առկայությունը հայ զինծառայողների և ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի մոտ և ավելի արդյունավետ պայքարել COVID-19-ի տարածման դեմ։

Ռուսական լաբորատորիան ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր է հայտնաբերել