ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաև նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից և ձախողումներից»,–ասել է Սարգսյանը։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Հայաստան են ժամանելու նոր բուժաշխատողներ:
Նա հատկանշական է համարել, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի և առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը:
«Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը:
Ի պատասխան Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը երբեք չի մոռանա, թե ֆրանսիացի բժիշկներն ինչ եք արել Հայաստանի համար: Նա հույս է հայտնել, որ բժիշկները Հայաստան կգան նաև կորոնավիրուսից հետո։
«Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդ և նախագահ, ով ոչ միայն իմ, այլև մեր երկրի լավ բարեկամն է»,–իր խոսքն ամփոփել է Սարգսյանը։
Ֆրանսիացի բժիշկները նշել են, որ արդեն իսկ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, նրանց ներկայացրել իրենց փորձը:
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում
Հիշեցնենք` ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին:
Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան թեստավորում է իրականացնում Հայաստանում:
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում. ԱԳՆ-ն կօգնի