ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Եվս 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից ուղարկվել է Հայաստան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Վիրքի հայոց ընկերների վերջին շաբաթվա ինտենսիվ փնտրտուքի արդյունքում, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել 10 լիտրանոց թթվածնային 3 խտացուցիչ։ Դրանք «Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից գնված 6000 պաշտպանական դիմակների հետ արդեն Հայաստանում են»,–գրել է Խառատյանը:
Այսպիսով, վերջին 10 օրվա ընթացքում Վրաստանից ընդհանուր առմամբ 58 խտացուցիչ և 9000 դիմակ է բերվել Հայաստան: Նա նշել է, որ սա իրագործելու հարցում անուրանալի է Վրաստանի և մի շարք երկրների մեր հայրենակիցների, գործարարների ու պարզապես մտահոգ մարդկանց աջակցությունը:
«Նշեմ նաև, որ այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստացել աշխարհի տարբեր հատվածներից, կոնկրետ թթվածնային այս սարքերը Վրաստանից գնելու և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մեր երկիր տեղափոխելու նախաձեռնությանը միանալու պատրաստակամությամբ, ինչի համար անչափ շնորհակալ ենք»,–գրել է Խառատյանը:
Տեղեկացվում է նաև, որ ՀՀ Առողջապահության նախարարության մինչ այս պատվիրված մի քանի 100 թթվածնային սարքերի մի մասն արդեն Հայաստանում է, մնացածները` տեղում կլինեն շատ շուտով:
«Մեզ հետ խոսող բժիշկներն ու հիվանդանոցների համակարգողները շարունակաբար շնորհակալություն են հայտնում վիրահայերին այս կարևորագույն ժամանակահատվածում Հայաստանին «թթվածին հասցնելու» համար: Մենք էլ իրենց ենք շնորհակալություն հայտնում վարակի դեմ անմռունչ պայքարը շարունակելու համար»,–գրել է նախկին խորհրդականը:
Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ
Խառատյանը նշել է, որ շարունակելու են առողջապահական համակարգին աջակցելու ջանքերը և հույս հայտնել, որ շուտով դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չի լինի, սակայն դա նաև մեծապես կախված է մեզանից յուրաքանչյուրի ողջախոհությունից ու պատասխանատու վարքագծից:
Հիշեցնենք, որ Վրաստանը Հայաստան բուժաշխատողների թիմ է նաև ուղարկել SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի վարակի դեմ պայքարելու համար։