ՄԻՊ-ը ԱԺ պատգամավորին հորդորել է կարդալ սահմանադրական օրենքի դրույթները

ԱԺ պատգամավորը համացանցում արձանագրել է վարչապետի ընտանիքի վերաբերյալ հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ ՄԻՊ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԺ պատգամավորը համացանցում արձանագրել է վարչապետի ընտանիքի, մասնավորապես, երեխաների ու կնոջ վերաբերյալ հրապարակայնորեն վիրավորանք ու ատելություն սերմանող լուսանկարներ։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

Դա կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով էլ Դավոյանը դիմել է ՀՀ ոստիկանություն և նաև խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին:

«Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ դատապարտելի է մարդու մասնավոր, ընտանեկան կյանքը, ընտանիքի անդամներին թիրախավորելու արատավոր երևույթը՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը։ Ցանկացած բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ատելության խոսքն ու արժանապատվության նսեմացումը»,- նշված է ՄԻՊ պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՄԻՊ մամուլի ծառայությունը հարկ է համարել ևս մեկ անգամ պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: ՄԻՊ գործառույթները հասկանալու համար հորդորել են ուսումնասիրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները:

Մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել. ՄԻՊ