Մարդիկ «Դեքսամետազոն» են գնում կորոնավիրուսից փրկվելու համար. նախարարության արձագանքը

ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգեր է ստացել, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ «Դեքսամետազոն» դեղամիջոցը պետք է կիրառել միայն բժշկի ցուցումով։

«Նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման: Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հիշեցնում է, որ վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել էին Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` «Դեքսամետազոն» դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19 157–ի։ Վերջին մեկ օրում վարակվածներից 10–ը մահացել են։