«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո Հրայր Թովմասյանը կշարունակի աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում, իսկ ՍԴ երեք անդամներ կգնան թոշակի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահին է ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իր նախագիծը:

Դրանով առաջարկվում է մասնավորապես փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, ում պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում՝ մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո, փաստորեն, Հրայր Թովմասյանը, ում պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան

Նշենք, որ օրինագծի հեղինակների թվում նշված է «Իմ քայլը» խմբակցության կեսից ավելին, մասնավորապես՝ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Գրիգորյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Բեղլոյանը, Աննա Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գոռ Գևորգյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Մերի Գալստյանը, Մխիթար Հայրապետյանը, Գեւորգ Պապոյանը, Ծովինար Վարդանյանը, Արգիշտի Մեխակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արփինե Դավոյանը, Կարեն Սարուխանյանը, Արամ Խաչատրյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Հովիկ Աղազարյանը, Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սերգեյ Ատոմյանը, Արթուր Դավթյանը, Ալեն Սիմոնյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Սիփան Փաշինյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վահագն Թևոսյանը, Հովհաննես Իգիթյանը, Քրիստինե Պողոսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Շիրակ Թորոսյանը, Եղիշե Սողոմոնյանը, Հայկ Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոս Ավետիսյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆիա Հովսեփյանը, Հայկ Սարգսյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արման Բոշյանը:

ՍԴ–ն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական է ճանաչել

Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարման պատճառով: