ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Փարիզի գլխավոր խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով երեք ամիս փակ լինելուց հետո կբացվի։ France24-ը հայտնում է, որ աշտարակի վերաբացումը նախատեսված է հունիսի 24-ին։ Այժմ ախտահանման աշխատանքներ են կատարվում, պատրաստվում են դիմավորել այցելուներին, որոնք թիվը հավանաբար մեծ չի լինի։
Նախ՝ Ֆրանսիան դեռևս չի բացել օդային սահմանը, և փաստացի աշտարակ են այցելելու միայն տեղացիները։ Երկրորդ՝ հակահամավարակային կանոնների շրջանակում 324 մետրանոց աշտարակի միայն երկու հարկն է բաց լինելու՝ զրկելով այցելուներին վերևից Փարիզը վայելելու հնարավորությունից։
Որտեղից է հիմնականում տարածվում կորոնավիրուսը, և քանի քաղաքացի է վարակված, բայց տանը
Էյֆելյան աշտարակի աշխատանքը համակարգող ընկերության ղեկավար Պատրիկ Բրանկո Ռիվոն France24-ին ասել է, որ աշտարակում կանոնները շատ խիստ են լինելու։ Չեն աշխատելու վերելակները, այցելուները ստիպված են լինելու աստիճաններով բարձրանալ, 11 տարեկանից բարձր բոլորը պարտադիր պետք է դիմակով լինեն, պետք է խիստ պահպանվի սոցիալական հեռավորությունը։
«Կարծում եմ՝ մարդկանց համար ամենագրավիչն այս օրերին հենց հակահամավարակային կանոնների խիստ պահպանումն է, ինչը մենք փորձելու ենք հավուր պատշաճի իրականացնել։ Օրինակ՝ երկու ժամը մեկ ախտահանվելու է աշտարակի ամբողջ բաց տարածքը», - ասել է նա։
Էյֆելյան աշտարակը փակվել էր մարտին։ Երկրորդ աշխարհամարտից հետո աշտարակն այսքան երկար ժամանակով դեռ չէր փակվել։ Ֆրանսիայում արդեն վերաբացվել է Վերսալի պալատը, իսկ Լուվրի թանգարանը այցելուներին կընդունի հուլիսի 6-ից։
Ֆրանսիայում կորոնավիրուսի ավելի քան 158 հազար դեպք է գրանցվել, մահացել է 29 հազար մարդ։
Կորոնավիրուսի հետքը. Ֆրանսիայում մարդիկ վաճառում են իրենց դղյակները