ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը գնացել է խորհրդակցական սենյակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը որոշելու։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք դատարանում շատ կարևոր նկատառում են կատարել՝ ԱԺ-ում դատախազի ներկայացրած միջնորդության մեջ նկարագրված արարքը տարբերվում է հիմա դատարանում ձևակերպված արարքից։
«ԱԺ-ում ներկայացրել են, թե իբր Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաև կաշառք է տվել, այս դեպքում դատարանում ներկայացված միջնորդության մեջ ձևակերպում են, որ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք»- ասում է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով՝ նախորդ դատական նիստում իրենք հիմնավորում էին, որ քրեական գործի հարուցման պատճառը եղել է այն, որ նա հունիսի հինգին կառավարությանը քննադատել է, որից հետո սկսվել են այս գործընթացները։ Փաստաբանի կարծիքով՝ այսօր մեղադրող կողմը պետք է գար և ներկայացներ, թե այդպես չի եղել։
«Բայց ոչ մի կերպ չկարողացան հիմնավորել կամ ներկայացնել այնպիսի փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ էականորեն կտարբերվեր փետրվարի հինգին ներկայացված փաստաթղթից, այսինքն՝ որը կլրացներ և կասեին՝ գնահատեցինք և պարզվեց` նոր տվյալներ կան»,- ասում է պաշտպանն ու հավելում, թե` եթե քրեական գործի հարուցում չկար, ինչպե՞ս էր վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում, որ մի շարք քրեական գործեր են առկա, այն էլ ընտրակաշառքների վերաբերյալ։
Պաշտպանական թիմի անդամ Սամվել Դիլբանդյանն էլ ևս մեկ անգամ շեշտեց՝ ներկայացված միջնորդությունն անօրինական է և անհիմն, իրենք ներկայացրել են բոլոր առարկությունները։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը որոշելու
«Ես կարծում եմ, որ դատարանն իր բարձրության վրա կլինի և ներկայացված միջնորդությունն անպայման կմերժվի։ Ներկայացված փաստական տվյալները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմնավորման հետ կապված` անհիմն են, նաև կալանքի օրինականության, պայմանների հետ կապված խնդիր կա թե՛ քրեական գործը հարուցելու, թե՛ մեղադրանքի հիմնավորվածության և հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու հետ կապված»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Ծառուկյանը դատարանում իր կարծիքը հայտնել է մեղադրանքի շինծու, անհիմն լինելու և իր հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու հետ կապված։
Նշենք, որ արդեն երեք օր է` դատարանը քննում էր Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը։ Դատավորը կալանավորման որոշումը կհայտնի այս կիրակի։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:
Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:
Նույն օրը ԱԺ–ն որոշեց Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։