«Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ». ի՞նչն է խանգարում Արցախի հարցի լուծմանը

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախում կայացած ընտրությունների և բանակցային գործընթացում առկա խոչընդոտների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների թվով 4-րդ համատեղ նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձևավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ, և կարևոր է, որ Արցախի գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:

«Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր»,–ասաց ՀՀ վարչապետը:

Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արայիկ Հարությունյան

Նա կրկին ընդգծեց` առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:

«Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում, և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել, թե որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի»,–ասաց նա:

Առաջին խնդիրն, ըստ Փաշինյանի, վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամությանը: «Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում»,–ասաց նա:

Երկրորդը, վարչապետի խոսքով, այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն` ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: «Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ»,–նշեց Փաշինյանը:

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ–ն պատասխանել է

Նա հավելեց, որ հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով էր առաջ քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: «Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով»,–ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ չընդունելով իր առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն:

 ՀՀ վարչապետը նշեց, որ նման մոտեցումներով  չենք կարող ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:

«Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը»,–ասաց Փաշինյանը:

ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին

Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ինքը նույնպես պատմական օրինաչափության մատնանշեց: «Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:

Լեռնային Ղարաբաղի հարցով հեռակա համաժողով կանցկացվի․ Զախարովա

Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,–հիշեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: «Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա: Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով»,–նշեց ՀՀ վարչապետը:

ԱԱԾ–ն ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից կեղծ տեղեկատվության տարածման փորձ է բացահայտել

Նա ընդգծեց, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: «Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների»,–ասաց նա:

Փաշինյանը նշեց` ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Նրա խոսքով` այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի 2 ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի: