Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ

Լիտվացի բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են գալիս 3 մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Լիտվայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմին ու բժշկական օգնությունը ճանապարհել են ՀՀ։

8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի, Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

«Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում 3 մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում»,–ասել է Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում երախտագիտություն հայտնելով Լիտվայի կառավարությանը և բոլոր ներգրավված գերատեսչություններին` նշել է, որ Լիտվան առաջինն էր, որ արձագանքեց Հայաստան բուժանձնակազմ ուղարկելու կոչին և միակ երկիրն է, որը երկրորդ անգամ պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերեց։

Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով

Դեսպանը նաև նշել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։

Հիշեցնենք, այս ընթացքում Ֆրանսիայից բժիշկներ են Հայաստան ժամանել, ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ:

Կորոնավիրուսի տարածման տեմպերն աշխարհում. Հայաստանը 49-րդն է

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին: Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան թեստավորում է իրականացնում Հայաստանում:

459 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 157