ՌԱԴԻՈ

Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասում նախատեսվող կառուցապատման աշխատանքների խնդրին։
Sputnik
Գործադիրը Ֆիրդուսի թաղամասում կառուցապատումը թույլատրել է օրենքի խախտմամբ. Սարգսյան

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանի դիտարկմամբ` Ֆիրդուսի թաղամասում նախատեսվող կառուցապատման աշխատանքները պետք չէ սևի ու սպիտակի դաշտում ներկայացնել։ Ըստ նրա` կառավարությունը գտնում է, որ մի կողմում իդեալիստ երիտասարդների կամ ներկա ու նախկին ակտիվիստների մի խումբն է, մյուս կողմում` մարդկանց սոցիալական հարցերը հոգացող գործադիր մարմինը։ 

«Իրականում խնդիրն այդպիսին չէ, այլ ավելի բազմաշերտ է ու բարդ։ Առաջին շերտն այն է, որ լուծված չեն իրավական հարցերը, այսինքն` կառավարությունն այս կառուցապատման և շինարարության համար տվել է թույլտվություն օրենքի կոպիտ խախտմամբ, որովհետև այժմ վարչական դատարանում քննվում է գործ թաղամասի բնակիչների կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցի շրջանակում։ Ըստ էության, վիճարկվում է գերակա շահի մասին կառավարության 2018թ–ի որոշումը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ովքեր են կառուցապատելու Ֆիրդուսի թաղամասի տարածքը, և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին

Սարգսյանի խոսքով` եթե այս պահին ընթանում է դատական նիստ և գործընթացը դեռ չի ավարտվել, ապա գործող օրենքի համաձայն` արգելվում է իրականացնել հողային, շինարարական որևէ աշխատանք։ Ըստ Սարգսյանի` երկրորդ շերտն այն է, որ այդ տարածքի կառացապատման հաստատված նախագիծ դեռ գոյություն չունի, ինչի պարագայում ևս չի կարող իրականացվել շինարարություն։ 

«Մյուս շերտն առնչվում է կոռուպցիոն երևույթներին, որոնց չեն անդրադառնում պարոնայք Ավինյանն ու Սիսեռյանը։ Խոսքը ներդրողների մասին է։ Էդուրադ Մելքոնյանը, ով կառավարական խմբի ցանկում ներգրավված է որպես  ներդրողների հետ աշխատանքների պատասխանատու, միևնույն ժամանակ «Դիանար» ընկերության համահիմնադիրն է, որը հանդիսանում է մոտ 10 ընկերությունների հիմնադիր–իրացնող։ Ինչու՞ է ընտրվել այս սխեման։ Պարոն Մելքոնյանը եղել է նաև «Գլենդել Հիլզ» կազմակերպության տնօրենը, հետևաբար կարևոր չէ, թե ով է ներդնողը, կարևոր է, թե ով է տնօրենը, ու պարոն Մելքոնյանի ձեռքով ունեզրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հետո դատական գործեր են շահել եվրոպական դատարանում։ Հասկանալի չէ, թե ինչու՞ է այդ մարդը պատասխանատու ներդրողների հետ աշխատանքների համար»,– նշեց Սարգսյանը։ 

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Նա մատնանշեց ևս մեկ հանգամանք, որն առնչվում է ֆինանսական երաշխիքներին, որովհետև «Գլենդել Հիլզի» պարագայում այդ կազմակերպությունը վերջում սնանկ ճանաչվեց և ներդրումների փոխարեն բազմաթիվ վճարումներ մնացին պետության ուսերին, որն էլ վճարումները կատարեց քաղաքացիների հարկերից։ Իզաբելլա Սարգսյանի հավաստմամաբ` իրենց մասնագիտական խումբը դեմ չէ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքներին, սակայն ամեն ինչ պետք է կատարվի օրինականության հիման վրա, մարդիկ պետք է հստակ իմանան, թե ովքեր են ներդնողները և ինչպես են ծախսվում գումարները, հետևաբար ամբողջ համակարգը պետք է ենթարկվի աուդիտի։ 

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ:

Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը. ի՞նչն է խանգարում թաղամասի շինարարությանը արդեն 10 տարի

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին:Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:

Ըստ նախագծի` Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: