Սերբիայից բժշկական պարագաներով ու սարքավորումներով ինքնաթիռ ժամանեց Հայաստան

Սերբիայի հետ աջակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Սերբիայից բժշկական պարագաներով ու սարքավորումներով առաջին ինքնաթիռը ժամանեց Հայաստան։ Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վաղը ևս մեկ ինքնաթիռ կժամանի։

Ինքնաթիռներով Հայաստան են հասնելու 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

Սերբիայի՝ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում: Սարգսյանը և Վուչիչը ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն։ Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած անհրաժեշտ պարագաների ցանկը:

Նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը:

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երեք անգամ երկարաձգվել է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։