ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Դոնալդ Տուսկի վերջին հայտարարությանը։
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին, անդրադարձել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Դրանից հետո Տուսկը գրառում էր արել Tvitter-ում` նշելով, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով, նա Հայաստանի իշխանություններին կոչ էր արել զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
«Եթե չեմ սխալվում, հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։ Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարը մշտապես պաշտպանում է իր խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում` նաև Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի ժողովրդի և գործերին։ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար կան ավելի պատշաճ ու ավելի մասնագիտացված անձինք: Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որն իրականությունից կտրված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով` պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր, որոնք, ըստ Սիմոնյանի, ՀՀ քաղաքացիների ու իրականության հետ դեռ շա՜տ շուտվանից ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ։
Լրագրողները հետաքրքրվեցին` իշխանություններին չի՞ անհանգստացնում ընդդիմադիրների՝ միջազգային կառույցների հետ համագործակցությունը։
«Ես չեմ կարծում: Միջազգային կառույցներին հղում անելիս` մենք կարողենք շատ ավելի լուրջ, հեղինակավոր և համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների ու արձագանքների հղում անել, որոնք կտրուկ աճ են արձանագրում: Օրինակ` երեկ եղել է նաև Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, որը շատ խոսուն է, որի մասին անցյալին սպասարկող լրատվամիջոցները շատ քիչ են խոսում: Մենք ավելի շատ պետք է հղում անենք նման հայտարարությունների»,– ասաց Սիմոնյանը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն երեկ Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ երկրների դեսպաններին ներկայացրել է Հանձնաժողովի 2019 թվականի կատարած աշխատանքների մասին ամենամյա զեկույցը` նշելով, որ աջակցում են Հայաստանին և Մոլդովային ժողովրդավարական համակարգերի վերաձևավորմանն ուղղված ջանքերում: