Մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել. Փաշինյան

Կառավարությանը չի հաջողվում կորոնավիրուսի թվերն իջեցնել: Ըստ վարչապետի` դրա պատճառը հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չպահպանելն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ընթացիկ շրջանի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը: 

«Մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, ու մենք գիտենք դրա պատճառը. հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, ու մենք ստիպված ենք ավելի կոշտ միջոցներ կիրառել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ պարետատան որոշմամբ` այժմ քաղաքացիները պարտավոր են տնից դուրս գալիս իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, որպեսզի տուգանքների մեխանիզմն ավելի արդյունավետ գործի: Իսկ եթե քաղաքացին փաստաթուղթ չունենա, դա համարվելու է առանձին խախտում, ու երկու առանձին վարչական վարույթներով է ենթարկվելու պատասխանատվության:

Նոր որոշում. անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն

Վարչապետը նաև նշեց, որ բոլոր այն հիմնարկները, որոնք ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, մեծ մասամբ չեն պահպանում հերթերի համար մշակված նոր կանոնները, ինչի մասին վկայում են բանկերից, «Հայփոստի» բաժանմունքներից ուղարկված լուսանկարները, որտեղ մարդիկ, Փաշինյանի խոսքով՝ «իրար կիպ կանգնած են»:

Նիկոլ Փաշինյանը համապատասխան պետական մարմինների ղեկավարներին հանձնարարեց իրենց ենթակա մարմիններում խիստ ուշադրություն դարձնել այդ խնդրին:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 մարդ, կատարվել է 89 992 թեստավորում, առողջացել են վարակվածներից 7560–ը (+746) ։ Գրանցվել է մահվան 309 (+7) դեպք։

Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 99 է (+3)։

«Մեղավորները կստանան արժանի պատիժը». Գյումրիում մահացած կնոջ հարազատները բողոքում են