Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը

Ծառուկյանի շուրջ վերջին օրերին կատարվողը բոլորն էլ տեսնում և քննարկում են: Բայց բացի կուսակցական գործունեությունից և բիզնեսից, Գագիկ Ծառուկյանը նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է։ Հարց է առաջանում՝ կմնա նա արդյոք հայրենական սպորտի առաջնորդի դերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. 2004 թվականին Աթենքում կայացած օլիմպիական խաղերից հետո, որտեղ հայ օլիմպիականները հաջողության չհասան, Գագիկ Ծառուկյանը ստանձնեց Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը: Հաջորդած երեք օլիմպիադաներում մեր երկիրը բազմաթիվ մեդալներ է նվաճել:

Հայաստանի կառավարությունը սպորտի զարգացման համար գումարներ իհարկե հատկացնում է: Մարզական դպրոցներից մինչև մեծ սպորտ տարեկան կտրվածքով հատկացվող գումարի չափը 2019-ին, օրինակ, կազմել է 3, 750 միլիարդ դրամ (այստեղ ներառված են բոլոր մարզաձևերը, բացի ֆուտբոլից): Իսկ կոնկրետ մեծ սպորտի կայունությունը (ազգային հավաքականների) ապահովելու համար հատկացվող գումարը 1,3 միլիարդ դրամ է:

«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա, տեղին չէ». Մարգարյան

Սպորտային ֆեդերացիաները ստացվող գումարներով կարող են կազմակերպել ուսումնամարզական հավաքաներ ու մեկնել մրցումների: Բայց այդ գումարները ֆեդերացիաների աշխատանքն ապահովելու վրա չեն կարող ծախսվել: Այդ դեպքում ինչպես են աշխատավարձ ստանում ֆեդերացիաների աշխատակիցները: ՀԱՕԿ-ի շատ աշխատակիցներ փաստում են, որ պետության կողմից հատկացված գումարները տարեկան կտրվածքով չեն բավականացնում: Ու այդ բացը միշտ լրացրել է ՀԱՕԿ-ը: Հարց է առաջանում, իսկ ՀԱՕԿ-ը ինչ գումարներով է կարողանում ֆինանսավորել սպորտային ֆեդերացիաներին, կամ ինչ ֆինանսական հոսքեր կան մարզիկներին պարգևատրելու համար: Պարզվում է, որ այդ հարցերը լուծվել են Գագիկ Ծառուկյանի միջոցներով:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակը որպես պարգևատրում ստացել է ավտոմեքենաներ ու դրամական խոշոր պարգևներ: Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանն ու Գոռ Մինասյանը որպես պարգևատրում բացի մեծ գումարներից ստացան նաև թանկարժեք բնակարաններ: Ու ըստ մեր աղբյուրների, այդ ամենը Գագիկ Ծառուկյանն է նվիրել:

Միջազգային կարգի խոշոր մրցումներից հետո պետությունը հայ մարզիկներին պարգևատրում է։ Սահմանված դրամական պարգևատրումներ կան նաև օլիմպիական խաղերում: Մասնավորապես արդեն հաստատված են պարգևավճարները Տոկիոյում առաջիկայում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Չեմպիոնը կստանա 20 մլն, արծաթե մեդալակիրը 15 մլն, իսկ բրոնզե մեդալակիրը 10 մլն դրամ: Նույնը եղել է նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ, բայց աչքի ընկած մարզիկները ստացել են նաև թանկարժեք պարգևներ։ Եվ դրանք մարզիկները ստացել են ոչ թե ՀԱՕԿ-ից, այլ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Հենակետային համարվող մարզաձերում ֆինանսաական օգնություն ապահովելու համար ժամանակի ընթացքում հայտնի գործարարները դարձան ֆեդերացիաների նախագահներ:Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց սկզբում Սամվել Ալեքսնյանը (2002-2008թթ.), իսկ հետո Սամվել Կարապետյանը (2008-2016): Նրանց օրոք ըմբշամարտում ֆինանսական խնդիրներ չառաջացան: Ծանրամարտի ֆեդերացիան էլ որոշ ժամանակ գլխավորում էր Արմեն Շահազիզյանը: Նորից նույնը՝ ֆինանսական խնդիրներ չկային:

Այս գործարարները որոշ ժամանակ անց հեռացան իրենց ֆեդերացիաներից, ֆինանսական խնդիրները գլուխ բարձրացրեցին: Ու դեռևս 2018 թվականին Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մի միտք ասաց։

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

«Ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանին շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար: Նրա հրաժարականից հետո մենք խնդիրների առաջ կանգնեցինք: Միայն պետական ֆինանսավորումը չէր բավականացնում հավաքականների, ֆեդերացիայի ծախսերը հոգալու համար: Այդ ժամանակ մեզ ձեռք մեկնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա շնորհիվ մենք կարողացանք ուսումնամարզական հավաքներ անցկացնել, պատշաճ կերպով մասնակցել աշխարհի առաջնությանը, որի արդյունքները բոլորը լավ գիտեն»:

ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը երեկ Facebook-ի իր էջում գրել էր. «Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ»։ Ի դեպ, նույն Ջուլֆալակյանը խոստովանել է, որ Գագիկ Ծոռուկյանից տուն է նվեր ստացել։

Ինչպես պարզ դարձավ, առանց Ծառուկյանի ներդրման դժվար թե հնարավոր լիներ հաջողության հասնել այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ծանրամարտն ու ըմբշամարտը։

Բայց ներկայումս առաջացած իրավիճակն ավելի շատ անպատասխան հարցեր է առաջացնում: Եվ ամենակարևոր հարցը. եթե սպորտն այդքան շատ է կախված բիզնեսից, ապա ով և ինչպես կօգնի մեր մարզիկներին Տոկիոյում 2021-ի Օլիմպիական խաղերի նախաշեմին:

Մեր օլիմպիական թիմը դեռ լիարժեք կազմավորված չէ, ու մենք դեռ ունենք վարկանիշներ վաստակելու խնդիր: Նորից պետք է սպասենք, որ ժամանա՞ կը տա առաջացած բոլոր հարցերի պատասխանները:

Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով

Իսկ պետք է պատրաստվել արդեն հիմա, առջևում վարկանիշային մրցումներ են։ Ծառուկյանի օրոք Պեկինի օլիմպիական խաղերում մեր հավաքականը 2008 թվականին նվաճել է 6 բրոնզե մեդալ, 2012 թվականին Լոնդոնում ՝ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ, 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՝ 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Իսկ թե ինչ կլինի 2021 թվականին Տոկիոյում ՝ կերևա մեկ տարի աց։ Այսքանից հետո փորձենք քաղաքականությունը չկապել սպորտի հետ։