ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը մտահոգ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերով։
«ԵՊՌ» դաշինքի գործադիր տնօրեն Ռիչարդ Միլսոմը նշում է, որ ՀՀ կառավարությունը վտանգում է հեղափոխության ժամանակ պաշտպանած արժեքները։
«Պատրաստ ենք ցանկացած սցենարի». ԲՀԿ–ի երիտթևի ներկայացուցիչներին բերման ենթարկեցին
«Երկու տարի առաջ հեղափոխության և նոր ու ավելի բաց երկրի խոստումը Հայաստանի Հանրապետության համար շրջադարձային պահ էր: Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը։ Դաշինքը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին», - նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ է։ 2019-ի փետրվարին Հայաստան այցելած դաշինքի ղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել էր կուսակցության ղեկավար կազմի հետ։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի16-ին ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին: