«Հակառուսական դիրքորոշում չունենք». ՀՌԱՀ նախագահը` հեռուստաընկերությունների մասին

Արտասահմանյան, այդ թվում ՝ ռուսական հեռուստալիքների հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը, Հակոբյանի խոսքով, վաղուց դարձել է մանիպուլյացիայի առարկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը երբեք հակառուսական դիրքորոշում չի ունեցել և չունի։ Այսօր Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա պատասխանում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Հայաստանում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման առնչությամբ իր հայտարարությունների մասին հարցին:

Հայաստանում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Տիգրան Հակոբյանի հայտարարությանը

«Ես երբեք և ոչ մի անգամ չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ միայն տեղեկատվական և լեզվական անվտանգության մասին»,– նշեց Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ աշխարհի ցանկացած երկրում ելնում են այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա հեռուստահեռարձակողների թիվը գերազանցում է տեղական հեռուստաալիքների թվին, ապա դա լեզվական և տեղեկատվական որոշակի սպառնալիք է ստեղծում:

«Ես այս խնդիրը մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել եմ և՛ այստեղ, և՛ Մոսկվայում: Բնականաբար, մենք տարաձայնություններ ունենք, կան տարբեր մոտեցումներ, բայց մենք արդեն սկսել ենք ստեղծել համագործակցության համատեղ տեղեկատվական մոդել, և նրանց հետ ոչ մի խնդիր չունենք: «Ռոսկոմնադզորը» համաձայնել է ստորագրել մեր առաջարկած հուշագիր, որը մեծ թվով խնդիրներ է լուծում»,- ասաց ՀՌԱՀ ղեկավարը:

Նա նաև նշեց, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իր տեսլականի մասին արտահայտվելիս ներկայացնում է բացառապես իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ոչ մի դեպքում երկրի ղեկավարության: Տիգրան Հակոբյանը չպարզաբանեց, թե ինչպես է հնարավոր, որ ՀՌԱՀ դիրքորոշումը չհամընկնի դրա անդամներին նշանակող իշխանությունների տեսակետին:

Ի՞նչ կլինի, եթե ոչ ոք պատասխանատվություն չկրի. «Իմ քայլի» դիրքորոշումը բավական կոշտ է

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Տիգրան Հակոբյանը հայտնել էր` Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ իր հայտարարությունը հակառուսական բովանդակություն ու ենթատեքստ չունի։