Վերմիշյանի գործով խուզարկության ժամանակ Ծառուկյանին առնչվող փաստաթղթեր են գտել

Արարատ Միրզոյանն ասաց, թե ինչու են որոշել հենց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց, թե ինչու է ԱԱԾ–ն խուզարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը։

«Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով այլ անձի մոտ խուզարկություն են արել ու գտել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ծառուկյանին։ Վերմիշյանի մոտ կլինեին թղթեր, որոնք կվերաբերին ինձ, կգային ինձ մոտ խուզարկության»,–ասաց Միրզոյանը։

Հարցին, թե ընտրությունների ժամանակ կաշառք միայն ԲՀԿ–ն է բաժանե՞լ` Միրզոյանը պատասխանեց, որ վաղը, մյուս օրը ընտրակաշառքների հետ կապված գործեր կարող են հարուցվել այլ կուսակցությունների հանդեպ, եթե իրավապահները նման փաստեր գտնեն։

Ով ինչպես կքվեարկի Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիութունից զրկելու հարցին

Նշենք, որ այս պահին ԱԺ պատգամավորները մասնակցում են քվեարկությանը, որովը կորոշվի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։

Այսօր շուրջ 5 ժամ ԱԺ պատգամավորները քննարկում էին դատախազի` ԱԺ–ին ներկայացրած միջնորդությունները։ Ելույթ ունեցավ նաև Ծառուկյանը` ասելով, որ չի վախենում ոչ մի բանից։ Նա, սակայն, պատգամավորների հարցերին չպատասխանեց, քանի որ պետք է գնար ԱԱԾ հարցաքննության։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան քրեական հետապնդման ենթարկելու միջնորդությունները:
ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ինքը ՝ Ծառուկյանը, իշխանությունների գործողությունները համարում է քաղաքական հետապնդում: