ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, անդրադառնալով ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու դեպքին, հայտնեց, որ իրենց համար քաղաքացին քաղաքացի է։
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ–ի մոտ բավական լարված իրավիճակ է, քանի որ այնտեղ են հավաքվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Իսկ ԱԺ–ում այս պահին քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցը։ ԱԺ–ի հարակից փողոցներում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված։
«Անունը չգիտեմ, մենք տեղյակ չենք` ինքն ով է, և մեզ համար քաղաքացին քաղաքացի է։ Նա հավաքի վայրը լքելու մեր պահանջին չենթարկվեց, ինչի համար էլ նրան բերման ենթարկեցինք»,–ասաց Խուդինյանը։
Հարցին, թե ճի՞շտ էր չեմպիոնին բերման ենթարկելիս ասֆալտին փռելը, Խուդինյանը հայտնեց, որ Ամոյանը դիմադրություն է ցույց տվել, ինչի համար էլ ոստիկանները նման քայլի են դիմել։
Խուդինյանը վստահեցրեց, որ ոստիկանները մինչև որևէ մեկին բերման ենթարկելը քանիցս հայտարարել են, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։ Նրա խոսքով` ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա անողները Ա կետից Բ կետ են տեղափոխվում ու ասում, որ հավաքի մասնակից չեն։ Սակայն ոստիկանները, ըստ փոխոստիկանապետի, ֆիքսում են նրանց դեմքերով ու բերման ենթարկում։
«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ն այս պահին խուզարկում է ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը։ ԱԱԾ–ն առավոտյան հայտնել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված 3 քրգործերից մեկին` ընտրակաշառք բաժանելու գործով, առնչություն ունի նաև Զոհրաբյանը։
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել