Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել

ՀՀԿ գործադիր մարմինը վստահ է, Փաշինյանի իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի և պետության ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է իշխանությանը կորոնավիրուսային համավարակի ֆոնը և երկարաձգված արտակարգ դրությունը որպես բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու մեջ։

«Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի և պետության ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը, ինչի ապացույցն է նաև վերջին օրերին տեսանելի դարձած քաղաքական հետապնդումների նոր ալիքը։ Հայաստանում այլևս ոչ միայն համավարակային, այլև քաղաքական ճգնաժամ է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՀՀԿ–ի` այս իրավիճակում սահմանափակվում և ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչև խաղաղ հավաքներ իրականացնելու և ազատ տեղաշարժի իրավունքները։

ԱԺ–ն անցավ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը

«Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատարպարտում է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական և հանրային գործիչներ։ Արձանագրում է, որ այս կերպով իշխանությունները հարված են հասցնում Հայաստանի և Արցախի անվտանգությանը, խոցելի դարձնելով մեզ արտաքին սպառնալիքների նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գործադիր մարմինը վերահաստատում է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարության» հրաժարականն է և ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա և պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումը՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հիշեցնենք, օրեր առաջ մի քանի քաղաքական ուժեր հայտարարություն էին տարածել, նշելով, որ 2 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողացել իրականացնել ժողովրդին տված խոստումները, ուստի պետք է հրաժարական տա։

ԲՀԿ–ական պատգամավորները և Ծառուկյանի համակիրներն ԱԱԾ–ի մոտ են. տեսանյութ