ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը ոստիկանության բաժիններ են մեկնել

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ բերման ենթարկված քաղաքացիների հետ տեղի կունենան առանձնազրույցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,–հայտնում է օմբուդսմենը։

Ազգային ժողովի մոտ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներից բողոքի ակցիա անցկացնող ավելի քան 100 քաղաքացու բերման են ենթարկել: Մինչ հավաքվածներին բերման ենթարկելը ոստիկանները հայտարարում էին, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքներ անցկացնելը։

«Լուսավոր Հայաստանը» պահանջում է բացահայտել նաև ՀՀԿ-ի ընտրակաշառքները

Նշենք, որ ԱԺ–ում այս պահին քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու հարցը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Ի՞նչ փաստեր ներկայացրեց Դավթյանը Ծառուկյանին անձենմխելիությունից զրկելու համար. տեսանյութ

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը