ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։
«Ցուցակագրված քաղաքացիները, որոնց հետ հաստատվել է հեռախոսակապ և որոնք վերհաստատել են մեկնելու` իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 17-ին (ժամը 10։00-ից 21։00-ը) և հունիսի 18-ին (ժամը 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը հիշեցնում է, որ ուղեբեռը պետք է լինի 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից
Հաշվառումը կմեկնարկի հունիսի 18-ին, ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերությունը այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը` մինչև երկու տարեկան երեխա: Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:
Ըստ նախնական տվյալների` գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի հուլիսի 2-ին: