Տարբեր երկրների դեսպաններ մտահոգված են Ծառուկյանի հարցով. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ համագործակցելու են տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք զորակցություն են հայտնել իրենց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ տարբեր երկրների դեսպաններ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգություններն են հայտնում։ 

«Տարբեր երկրների դեսպաններ անձամբ ինձ զանգահարել են, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ եմ այսօր խոսել, և ստեղծված իրավիճակի հետ կապված դեսպաններն իրենց մտահոգություններն են հայտնում»,–ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով`այսօր էլ, վաղն էլ և առաջիկա օրերին էլ տեղի են ունենալու հանդիպումներ և քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք զորակցություն են հայտնում և իրենց մտահոգությունն են հայտնում այս իրավիճակի հետ կապված։

ԱԺ–ն համաձայն է, որ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից

Անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե որո՞նք են լինելու ԲՀԿ–ի հետագա գործողությունները, եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի կամ կալանավորվի, Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենք գործելու են ըստ անհրաժեշտության։

«Ինչ եղավ անհրաժեշտ, ինչ գտանք, որ նպատակահարմար է կազմակերպել, իրականացնել, մենք դա անելու ենք»,–ասաց նա։

Էնֆիաջյանի խոսքով՝ այս պահին գործի հետ կապված որևէ մանրամասների չեն տիրապետում, միայն գիտեն, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքից դուրս է գալու։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ։

Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել

Նշենք, որ ԱԺ–ն այսօր որոշեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկել ու թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Այս պահին էլ ԱԱԾ–ի մոտ հավաքված են Ծառուկյանի համակիրները, ինչպես նաև ԲՀԿ–ական պատգամավորներ։

Դեռ հունիսի 14-ին Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

ԲՀԿ–ական պատգամավորները և Ծառուկյանի համակիրներն ԱԱԾ–ի մոտ են. տեսանյութ

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին:

Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել: Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Հայաստանում ո՞ւմ և ե՞րբ են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից