Բացվել է հերթական մեկուսարանը կորոնավիրուսի կասկածով փոքրիկների ընդունելության համար

Առողջապահության նախարարի խոսքով` նոր մեկուսարանը շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի կորոնավիրուսի թեստի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ բացվել է հերթական մեկուսարանը COVID-19–ի կասկածով փոքրիկ պացիենտների ընդունելության համար։

«Կառուցվել է 14 օրում, համապատասխանում է հակահամաճարակային կանոններին, շատ հարմար է ծնողի և երեխայի մեկուսացման համար մինչև կլինի թեստի պատասխանը»,–գրել է նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանում 9 բուժհաստատություն էր իրականացնում Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի բժշկական կենտրոնը:

COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում. տեսանյութ

Այլ մասնավոր հիվանդանոցներ ևս սկսել են կորոնավիրուսով հիվանդների ընդունել, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում: Դրանք են «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները:
Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա էլ գործում է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն։

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին միացել են Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):

Երևանյան հիվանդանոցներում նույնպես ծավալների ընդլայնում է տեղի ունեցել` «Արմենիա» ԲԿ–ն նույնպես կզբաղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ։