ԱԺ–ն համաձայն է, որ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից

Ազգային ժողովի պատգամավորները կողմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին ազատությունից զրկելու միջնորդությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողով ներկայացրած միջնորդությամբ խորհրդարանին առաջարկել էր Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու համաձայնություն տալ։

Նա իր միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ Ծառուկյանը կարող է խանգարել ապացույցների հավաքմանը։ Դատախազի խոսքով՝ Ծառուկյանից մարդկանց ֆինանսական և քաղաքական կախվածությունը, ինչպես նաև նրա ֆինանսական կարողությունը կարող են հիմք տալ համարելու, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությունը։

«Իմ քայլի» 87 պատգամավորները կողմ քվեարկեցին այս միջնորդությանը։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, ինչպես նախապես հայտնել էին, չմասնակցեցին քվեարկությանը։ 

Նշենք, որ Ծառուկյանն արդեն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

ԲՀԿ–ական պատգամավորները և Ծառուկյանի համակիրներն ԱԱԾ–ի մոտ են. տեսանյութ

Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:

Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ինքը՝ Ծառուկյանը, իշխանությունների գործողությունները համարում է քաղաքական հետապնդում:

Վերմիշյանի գործով խուզարկության ժամանակ Ծառուկյանին առնչվող փաստաթղթեր են գտել