Փրկել է «Պուշկին» ռեստորանը. Ղազարյանը պատմել է հայկական բիզնեսի և ԱՄՆ-ում ցույցերի մասին

Ղազարյանը խոստովանել է, որ «մեդիադեմք» լինելը իր համար նոր բան չէ։ Ինքն ու իր «Պուշկին» ռեստորանը հայտնի դարձան այն ժամանակ, երբ հակահարված հասցրին սադրիչ ցուցարարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի –Sputnik. Ամերիկայի Սան Դիեգոյում գտնվող «Պուշկին» ռուսական ռեստորանի հայ սեփականատեր Հայկ Ղազարյանն ու հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրուցել են Instagram–ի ուղիղ եթերով։

Զրույցի նախաձեռնությունը Սարիկ Անդրեասյաինն է։ Մինչև ուղիղ եթերը նրանք չէին ճանաչում միմյանց, ավելին ռեժիսորը Հայկ Ղազարյանին սովորեցրել է օգտվել սոցցանցից։

«Տեսա քեզ և միացա, ճիշտ արեցի, չէ՞։ Instagram–ից չեմ օգտվում։ Ավելի շատ կինս է զբաղվում դրանով»,– խոստովանել է Հայկը։

Հայկ Ղազարյանը հայտնի դարձավ այն օրից, երբ ընկերներով պաշտպանեցին իրեն պատկանող «Պուշկին» ռեստորանը սադրիչ ցուցարարներից։ ԱՄՆ–ում` ոստիկանների կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Black Lives Matter («Սևերի կյանքերը կարևոր են») շարժման դրոշի ներքո, ցուցարարներից շատերն անկարգություններ էին հրահրում, շենքեր այրում, խանութներ թալանում։ Նրանք փորձում էին հարձակվել նաև Հայկի ռեստորանի վրա, սակայն Հայկին ու իր ընկերներին հաջողվեց փրկել ռեստորանը ցուցարարներից։ Համացանցում նրանց սկսեցին «ռուսական մաֆիա» անվանել, ինչին ի պատասխան Հայկն ասել է, որ իրենք ռուսական մաֆիա չեն, պարզապես սիրում են բորշչ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Պարզվում է՝ Հայկի ընկերների թվում ոչ միայն հայեր և ռուսներ, այլև հրեաներ, ուկրաինացիներ և նույնիսկ ադրբեջանցիներ կան։  Նա պատմել է, որ ընկերներից յուրաքանչյուրը մեկ օրինական զենք ուներ, և նրանց դա լրիվ բավական էր ռեստորանը պաշտպանելու համար։

«Շատ մարդիկ սկսեցին գրել, հարցուփորձ անել, թե ինչպես այդ ամենն արեցինք, ասում էին՝ ապրեք։  Բացի այդ, ինձ զարմանքով գրում էին, թե ինչու էին ցուցարարներն ուզում հարձակվել մեր ռեստորանի վրա, չէ՞ որ անունից էլ պարզ է, որ «Պուշկինը» հայկական չէ։ Իսկ ես նրանց պատասխանում էի, որ այդ մարդիկ ամբոխային բնազդով էին առաջնորդվում։ Նրանք որևէ կոնկրետ պլան չունեին, նրանք իրար հետևից մե՛կ մի կողմ էին գնում, մե՛կ մյուս, և իրենց ճանապարհին պատահած ամեն բան քարուքանդ անում։ Մենք անձամբ ոչ մեկին չգիտեինք, մեր շրջանից ոչ ոք չկար», – պատմել է Հայկը։

Նա Սարիկի հետ ուղիղ եթեր է դուրս եկել իր ռեստորանից, հետևի պլանում Պուշկինի դիմանկարն էր։ Հայկը Սարիկին հայտնել է, որ բոլորովին վերջերս է սկսել ԱՄՆ–ում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։  Մինչ այդ ապրել է Մոսկվայում և հումորային մենախոսություններ գրել։

«2010 թվականին հետաքրքրվեցի սթենդափով, սկսեցի մենախոսություններ գրել, համագործակցել երգիծաբանների հետ։ Աշխատել եմ Կարենչիկ Արուտյունովի, Արայիկ Հովհաննիսյանի, Տիգրան Բակումյանի հետ»,– պատմել է Հայկը։

«Ռուսական մաֆիան» հայկական դեմքով, կամ ինչպես Ղազարյանը փրկեց Սան Դիեգոյի իր ռեստորանը

Պարզվեց, որ հենց սցենարիստ ու Հայկի և Սարիկի ընդհանուր ընկեր Տիգրան Բակումյանն է առաջարկել Սարիկին ուղիղ եթերով խոսել Ղազարյանի հետ և ծանոթացրել իր ընկերներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

«Մոսկվայում երկու–երեք տարի ապրելուց հետո, եկա ԱՄՆ` Սան Դիեգո։ Մինչ այդ 12 տարի ապրել եմ Սան Ֆրանցիսկոյում,  1998 թվականին ընտանիքս Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխվեց։ Ես սիրում էի Ռուսաստանի կյանքը, բայց քանի որ բոլոր բարեկամներս Ամերիկայում էին, ես էլ, ի վերջո, տեղափոխվեցի։ Սկզբում մենք այստեղ նարգիլե–բար բացեցինք»,– ասել է Ղազարյանը։

Նարգիլեանոցում Հայկը ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ Հարսանիքից և կնոջ հղիանալուց հետո նա որոշեց փակել նարգիլեանոցը, քանի որ կարծում էր, որ ծուխն ապագա երեխայի առողջության համար լավ չէ։

Հայերի բիզնեսներն ԱՄՆ–ում տուժում են ցուցարարների արարքներից. հիմա ովքեր են ցուցակում

«Կինս հղիացավ, ես բացեցի «Պուշկին» ռեստորանը։ Ուզում էի այնպիսի անուն ընտրել, որպեսզի բոլորը հասկանային, որ այն տարբերվելու է։ Ամերիկացիները լավ գիտեն Պուշկինին։ Բացի այդ, նրանք գիտեն Դոստոևսկուն, Չեխովին։ Ոմանք նույնիսկ Լերմոնտովի մասին են լսել»,– նշել է ռեստորանատերը։

«Պուշկինի» հաջողությունից հետո, Հայկը ևս երկու բիզնես հիմնեց Սան Դիեգոյում՝ հանդիսությունների սրահ և ուզբեկական ռեստորան։ Նրա խոսքով` կորոնավիրուսի համավարակը խիստ հարվածեց իր բիզնեսին, իսկ հետո ստիպված էր նաև պաշտպանել սեփական գույքը ցուցարարներից։

Սարիկն ուշադիր լսում էր հայրենակցին, իսկ երբ հարցեր էր ուղղում, շատ նրբանկատորեն էր ընդհատում նրան։ «Կներես, եղբայր, ընդհատեմ...»։ Թեև տղամարդիկ մեկ ժամ առաջ էին ծանոթացել, միմյանց  «եղբայր» ու «ախպեր» էին ասում։  Վերջում Սարիկը Հայկին հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ համավարակից հետո իրենք կհանդիպեն արդեն ոչ թե առցանց, այլ իրականում և կխմեն ծանոթության համար։

Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի

Սարիկ Անդրեասյանը ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և ՈՒՀԱ–ի մասնակից, «Սերը հրեշտակների քաղաքում», «Պաշտպանները», «Գուդբայ, Ամերիկա» և այլ ֆիլմերի ռեժիսորը։

ԱՄՆ–ում զանգվածային ցույցերն ու անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ին` ոստիկանների դաժան ձերբակալության հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո։ Տղամարդու կոկորդը ծնկով սեղմած իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկին` անզգուշությամբ մահվան հասցնելու մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է երկար տարիների ազատազրկում։