Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է դադարեցնել ռեպրեսիվ գործելաոճը

«Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Մեկ Հայաստան» կուսակցությունների տարածած հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվածը պայմանավորում են Նիկոլ Փաշինյանի՝ բացարձակ իշխանություն հաստատելու մոլուցքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Մեկ Հայաստան» կուսակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը, պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով, պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների:

Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել

«Տարված լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը հաստատելու մոլուցքով, իշխանությունը մերժել է քաղաքական ընդդիմության կողմից մեր պետության և հասարկության առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնություն»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը գործող իշխանություններից պահանջում են դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճն ու անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։ Իսկ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ու հասարակական ուժերին կոչ են անում համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել պետականությանն ուղղված մարտահրավերները:

«Սա իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին