ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են եղել

Մի քանի ամիս առաջ Արցախի պաշտպանության բանակի` պաշտոնից ազատված հրամանատարն արդեն իսկ նոր պաշտոն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք հրամանագիր է ստորագրել, որոնցով Զինված ուժերի գլխավոր շտաբում փոփոխություններ է կատարել։

Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Ըստ այդմ, Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

Աբրահամյանը մինչ այս զբաղեցրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, սակայն այս տարեսկզբին` փետրվարի 24-ին, հայտնի դարձավ, որ Աբրահամյանն ազատվել էր այդ պաշտոնից։

Պաշտոնից ազատված Կոմիտաս Մուրադյանն այդ պաշտոնին էր նշանակվել բոլորովին վերջերս` այս տարվա փետրվարի 6–ին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ նշանակում է արել` Տիրան Խաչատրյանը, որը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, նշանակվել է նույն տեղում որպես առաջին տեղակալ։

Նշենք, որ այս տարվա առաջին մեկուկես ամիսների ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում 13 զինծառայող է մահացել, ինչի առնչությամբ պաշտոնանկություններ էին եղել։

Հիշեցնենք, որ օրերս` հունիսի 8-ին, Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել էր ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ Նույն օրն էլ այդ պաշտոնում նշանակվեց գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։