ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Չինաստանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր են գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունները և դրանց զարգացման ու խորացման հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ:

ՀՀ քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան Չինաստան մեկնել սովորական անձնագրով. ԱԳՆ

«Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար: Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը: Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

ՀՀ վարչապետը ևս կարևորել է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը:

«Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեր ղեկավարմամբ Չինաստանի զարգացման և չին ժողովրդի բարգավաճման ապահովման գործը ձեռք է բերել հաստատուն ընթացք, որի փայլուն օրինակն է COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ ՉԺՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների և քայլերի իրականացումը»,–ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը, և ինքը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել երկու պետությունների միջև համագործակցության վերընթաց զարգացումն առավել խթանելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Ես քեզ, դու ինձ. Չինաստանի Սիան քաղաքն օգնություն է ուղարկել Գյումրի