ՀԱՊԿ երկրներն իրենց ներուժը կավելացնեն համավարակների դեմ համատեղ պայքարելու համար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է համատեղ պայքարեն գլոբալ մարտահրավերների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է իր ներուժն ավելացնի գլոբալ ժամանակակից մարտահրավերների, օրինակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում այս կարծիքն է հայտնել ՀԱՊԿ ԽՎ ղեկավար, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

«Համավարակը, որին բախվել է մարդկությունը, ազդել է բոլոր երկրների վրա։ Ընդգծեմ, որ ՀԱՊԿ ներուժը պետք է ուժեղացվի` մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով նման մարտահրավերներին արձագանքելու համար», - ասել է նա։

Վոլոդինի խոսքով` ՀԱՊԿ անդամ երկրները պետք է իրենց գործողությունները համակարգեն համաշխարհային ծավալի սպառնալիքները հաղթահարելու համար։

Բացի այդ, Վոլոդինը հորդորել է արագացնել մոդելային ակտերի ընդունումը` ՀԱՊԿ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման համար։ Նա նշել է, որ 31 մոդելային ակտ արդեն ընդունվել է, 2016-2020 թվականներին ծրագրված էր ընդհանուր 43 ակտ ընդունել։

Վոլոդինն ընդգծել է, որ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում մոդելային ակտերի ընդունումը համակարգման ուժեղացման գործուն մեխանիզմ է, որը կարևոր է ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրանյութերի թրաֆիքինգին ու հանցավորությանը հակազդելու գործում։

ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները

ՀԱՊԿ ԽՎ նիստը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով առաջին անգամ տեսակապի միջոցով է կազմակերպվել։

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստը կկայանա Ռուսաստանում 2020 թվականի չորրորդ եռամսյակում։

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։