ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան ասաց, որ ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին ՀՀ իշխանությունն իմացել է նրա հայտարարությունից առաջ:
«Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, և պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց։ Թե ով` որտեղ, որ այգում, ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ, կփորձի վերակենդանացնել, ինչ կփորձի անել՝ դա չորրորդական բան է: Մեզ համար կարևորը քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»,- նշեց Սիմոնյանը:
Սիմոնյանը հիշեցրեց, որ Ծառուկյանի ընկերությանն առնչվող 30-40 միլիարդ դրամի քրեական գործ կա, մեկ այլ քրեական գործով էլ ի հայտ է եկել փաստաթղթերի հավաքածու, որտեղ ցուցակագրված է 2017թ-ի ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքը:
Սիմոնյանի խոսքով` այս փաստերի առկայության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող չգործել:
«Իսկ ի՞նչ պետք է անեին իրավապահները. ասեին՝ դե լավ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, սա ճղենք, գցե՞նք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ իրավական գործընթացն ունի հստակ ժամկետներ ու ոչ մի կապ չունի Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարությունների հետ:
Իսկ կատարվածին քաղաքական երանգ տալը, Սիմոնյանի կարծիքով, ԲՀԿ-ի կողմից ուղղակի սակարկումների գնալու փորձ է.
«Ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի օրոք»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:
Գագիկ Ծառուկյանի կիրակնօրյա «արկածները». տեսանյութ
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Նրա աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Խստագույնս դատապարտում ենք». ԼՀԿ–ն` Ծառուկյանի շուրջ ծավալված դեպքերի մասին
Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը:
Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» -ն ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:
Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին:
Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին