ՌԱԴԻՈ

Հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ. ինչու է գործադիրը հրաժարվել ռուսական վարկից

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԷԿ–ի վարկի մասին` ՀՀ կառավարության որոշմանը։
Sputnik
Հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ. ինչու է գործադիրը հրաժարվել ռուսական վարկից

ՀՀ գործադիր մարմինը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից։ 

Վահրամ Պետրոսյանի տեղեկացմամբ` 270 մլն դոլարի վարկն ու 30մլն դոլարի գրանտը պետք է ուղղվեն ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված խնդիրների լուծմանը, և աշխատանքները պետք է ավարտվեին 2019թ.–ի վերջին, սակայն աշխատանքների մի մասը տարբեր պատճառներով մնացել է անավարտ։ 

«Իմ կարծիքով` ընտրված էր պայմանագրերի կնքման գործընթացին առնչվող բավականին բարդ մեխանիզմ` կապված սարքավորումների ձեռքբերման հետ, ընդ որում` յուրաքանչյուր պայմանագրի կնքումը տևում էր ամիսներ։ Օրինակ` «Հայատոմի» հետ պայմանագրերի կնքումը նույնիսկ տևել է տարի ու կես։ Բնական է, որ նման դեպքում նախատեսված աշխատանքները կարող էին ուշանալ»,– նշում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ 

Պետրոսյանի փոխանցմամբ` վարկն ամբողջությամբ չի օգտագործվել, հետևաբար, հարցը պետք է շտապ լուծում ստանար։ Նախատեսված գումարից մնացել էր 107 մլն դոլարը, որի օգտագործման կապակցությամբ ՌԴ ֆինանսաների նախարարությունը պնդում էր, որ ժամկետը երկարացվեր, բայց կային պայմանագրեր, որոնց ժամկետն անցնում էր, հետևաբար, ՀՀ կառավարությունը կայացրեց ճիշտ որոշում, քանի որ, ըստ Պետրոսյանի, հրատապ հարցերը պահանջում են շտապ լուծումներ։ 

Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

«Օրինակ` ատոմակայանի ռեակտորի դատարկման ու սարքավորումների տեղադրման առնչությամբ անհրաժեշտ էր ունենալ կոնկրետ ժամկետներով պայմանագիր, որովհետև այդ աշխատանքներին մասնակցում են մի շարք կազմակերպություններ։ Ընդ որում` սարքավորումներն հենց այնպես այնտեղ դրված չեն, գտնվում են հերթի մեջ, թե երբ պետք է բերվեն Հայաստան»,– նշում է պրոֆեսորը։

Նրա դիտարկմամբ` հընթացս առաջացավ նաև այնպիսի խնդիր, որ պետք է աշխատանքները կատարվեն վարկավորման եղանակով, սակայն վարկերի ժամկետրները նույնպես ուշանում են, ուստի հայկական կողմը որոշեց նախ կնքել պայմանագիր, որպեսզի աշխատանքները չդադարեն, այնուհետև նշեց, որ «փափուկ վարկի» 3 տոկոսը կվճարի ՀՀ կառավարությունը` պետբյուջեի հաշվին, գումարը բաշխելով ըստ տարիների։ Ընդ որում` տոկոսների վճարման հիմնական մասը նախատեսված է գալիք տարի։ 

Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան

«Ստեղծվելու է նաև հանձնաժողով, որը պետք է հսկի և կառավարի գումարի ծախսն ու բաշխումը, մրցույթների կազմակերպումը, գների որոշումը, և որի կազմում կընդգրկվեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, մասնագետներ ու գնահատողներ»,– նշում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենը։

Պետրոսյանի կարծիքով` կառավարության որոշումը կբերի աշխատանքների արագացման, քանի որ ատոմակայանը կարող է ինքնուրույն կնքել պայմանագրեր, կազմակերպել տենդերներ, հայտարարել մրցույթներ, որոնց կարող են ակտիվորեն մասնակցել տեղի կազմակերպությունները։ Ըստ նրա` հայաստանյան կազմակերպություններն ավելի էժան գնով կկատարեն աշխատանքները։

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից. նախարարը հայտնել է, թե ինչ է լինելու ատոմակայանում