Դիմակի ու ձեռնոցի մասին դեռ շատ կխոսեն. ի՞նչ կհագնեն հայերն այս աշնանն ու ձմռանը

COVID-19-ի համավարակի առաջացրած համաշխարհային ճգնաժամն ազդել է բոլոր ոլորտների վրա։ Ամենախոցվածներից մեկը նորաձևությունն է։ Ի՞նչ է սպասում տեղացի դիզայներներին։ Ի՞նչ է հագնելու Հայաստանն այս ամռանը։ Այս հարցերին պատասխանում է նորաձևության փորձագետ Իրինա Վանյանը։
Sputnik

Իրինա Վանյանը եղել է հայկական նորաձևության կայացման ակունքներում։ Նա շատ լավ գիտի մեր դիզայներների ուժեղ ու թույլ կողմերը։ Բացի այդ, ուշիուշով հետևում է համաշխարհային նորաձևության միտումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա վերլուծել է հայրենական շուկայի այսօրվա վիճակը, որոշ կանխատեսումներ է արել և ասել, թե նորաձևության աշխարհին ինչ է սպասում կորոնավիրուսից հետո։

– Ինչպե՞ս կնկարագրեիք հայկական նորաձևությունը։ Ի՞նչ ուժեղ ու թույլ կողմեր ունենք։

– Ցավոտ հարց է։ Սկզբում խոսեմ թույլ կողմերի մասին, քանի որ դրանք ավելի շատ են;

  • Մասնագետների պակաս

Երկրում քիչ է այն մարդկանց թիվը, որոնք լուրջ գիտելիքներ ու լավ փորձ ունեն ինչպես արտադրության ոլորտում, այնպես էլ մենեջմենտի առումով, ինչը շատ կարևոր է։ Դա առանցքային նշանակություն ունի տեղական նորաձևության ոլորտի ամրապնդման հարցում։

  • Նյութերի ու պետական աջակցության պակաս

Դիզայներների աշխատանքը բավականին դժվար է, որովհետև այստեղ գործվածքների ու օժանդակ նյութերի ընտրության քիչ հնարավորություն կա։ Հայաստանում անհրաժեշտ նյութեր չեն արտադրվում։ Չի կարելի չհիշատակել նաև այն, որ Հայաստանում նորաձևությունը երբեք առաջնահերթություն չի ունեցել։ Այս երկու պատճառները խանգարում են, որ հայկական նորաձևության ոլորտը հաջողության հասնի։

  • Ուժեղ կողմեր

Աշխատասիրություն

Մենք աշխատասեր ու անսահման տաղանդավոր ազգ ենք

  • Հարուստ պատմություն ու մշակույթ

Մեր ազգը երկար պատմություն ունի, որը դիզայներներից շատերի համար ոգեշնչման աղբյուր է դառնում։ Բայց այդ գանձը պետք է շատ նրբորեն օգտագործել և մեր ազգային մոտիվները նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ մատուցել։

Նոր տասնամյակի միտումների մասին

– Կորոնավիրուսից հետո դիզայներների հավաքածուներում փոփոխություններ կլինե՞ն։

Կարանտինի ընթացքում արժեքները վերանայվել են, հետագայում դա հաստատ կանդրադառնա դիզայներների աշխատանքի վրա։ Ավելին ասեմ՝ ստեղծարար մարդիկ շատ ավելի բարձր են գնահատվելու։

«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ

Հավաքածուներն ավելի քիչ կլինեն, բայց դրանց ուղերձը մի քանի անգամ ավելի հզոր կլինի։ Համավարակը ստիպեց մեզ կենտրոնանալ հենց գեղեցկության վրա։ Երբ մենք կարողանանք գտնել բուն գեղեցկությունը, այդ ժամանակ ոլորտը կարող է վերափոխվել։ Մարկետինգը երկրորդ պլան կմղվի, գաղափարները` առաջին։

– Պաշտպանիչ դիմակներն ու ձեռնոցները կմնա՞ն մեր պահարաններում։

Դիմակներն ու ձեռնոցները հաստատ նոր «ֆիշկա» կդառնան և կգերակշռեն ոչ միայն ամառային, այլև աշնանային ու ձմեռային հավաքածուներում։ Ձեռնոցները միշտ են եղել մեր պահարաններում, պարզապես կարվել են այլ նյութերից։ Երկու աքսեսուարներն էլ կարելի է կրեատիվ ու ոչ սովորական ձևով հարմարեցնել ու նորաձև դարձնել։ Չի բացառվում, որ դրանք կարող են կերպարի առանցքային տարրեր դառնալ։

– Իսկ հիմա հնարավո՞ր է դրանք ոճային դարձնել ու հարմարեցնել ամենօրյա հագուստին։

Թեև հայերը դժգոհ են դիմակ դնելու պարտադիր պահանջից, բայց դնում են։ Հատկանշական է, որ այժմ հայ դիզայներների դիմակների պահանջարկ կա։ Գնորդներից ոմանք դրանք հարմարեցնում են իրենց հագուստի գույնին։

– Որքա՞ն կտևի դիմակների ու ձեռնոցների հանդեպ հետաքրքրությունը։

Դիմակներն ու ձեռնոցները մեծ հետք կթողնեն նորաձևության ոլորտում։ Դրանց մասին դեռ երկար են գրելու։ Ավելին՝ երբ կորոնավիրուսի համավարակը մարի, մի 10–20 տարի անց հաստատ կվերադառնանք այս թրենդին։ Ցանկացած գլոբալ փոփոխություն միշտ ազդել է նորաձևության վրա։ 2020 թվականի պատմությունն էլ հաստատ կանդրադառնա ապագա դիզայներների ու նրանց արվեստի վրա։