ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է այսուհետ համացանցում հրապարակել կորոնավիրուսով վարակվածների օջախները՝ ըստ թաղամասերի: Իր համացանցային պայքարի մասին Թորոսյանը հայտնել է Facebook-յան էջում:
Նախարարը հույս ունի, որ այդ կերպ մարդիկ կդադարեն անպտասխանատու վերաբերմունք դրսևորել վարակի նկատմամբ և անհարկի ու առանց դիմակի չեն իջնի բակ:
«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար: Եվ այսպես՝
Երևան, Ավան, Իսահակյան թաղամաս»,- գրել է նա:
Նախարարն արդեն հրապարակել է Ջրվեժում, Աշտարակ, Ստեփանավան, Սևան և Գորիս քաղաքներi` մեծ թվով վարակվածներ ունեցող թաղամասերը:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 663-ով և դարձել 16667: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 մարդ, կատարվել է 82324 թեստավորում, առողջացել են վարակվածներից 6214-ը։ Գրանցվել է մահվան 269 դեպք (+5)։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 91 է։
Մարտի 16-ից երկրում հայտարարվել է արտակարգ դրությունը, որը երկարաձգվել է մինչև հուլիսի 13-ը: Արգելված են զանգվածային հավաքներն ու ցույցերը: