«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում գնահատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ԱԱԾ-ի կատարված քննչական գործողությունները:

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ վերջինս հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:

Ծառուկյանի տան խուզարկության պատճառը նրան պատկանող խաղատներն են

«Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է»,- պնդում են «Հայրենիքի» ղեկավարները և դատապարտում Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»:

Վանեցյանի կուսակցությունում համոզված են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է ու ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:

Համացանցում են հայտնվել Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին տեղեկություններ

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է անցկացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: