ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյանկից:
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից նաև հայտնում են, որ վաղ առավոտից հետևում են տեղի ունեցող իրադարձություններին:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին դեռ ԱԱԾ շենքում է: Շենքի դիմաց հավաքված են նրա բազմաթիվ աջակիցներ, որոնցից մի քանի տասնյակը բերման են ենթարկել: Ոստիկանության հասարակայության ու լրատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բերման ենթարկվածների ընդանուր թիվն այս պահին 89 է:
Ոստիկանությունը ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկեց Ծառուկյանի աջակիցներին
Նրանց թվում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակցականները հայտնում են նաև, որ առավոտից խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում:
ԱԱԾ-ն բացահայտել է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր
Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտարարելով, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառվել է 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
ԱԱԾ-ն հայտարարեց նաև, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: