Երեվան, 14 հունիսի - Sputnik. Իրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստ էր տեղի ունեցել։Ծառուկյանը նիստի ժամանակ ասել էր, որ մենք երկիր ենք կորցնում ու քաղաքական առողջ ուժերին համախմբման կոչ էր արել։ Նա նշել էր, որ կառավարության բոլոր անդամները պետք է փոխվեն։