Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քաղաքական որոշում չկա. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ»,- նշեցին Դատախազությունից:

Մամուլի ծառայությունից տեղեկացրին նաև, որ այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, որոնց ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:

Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկած ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարելոց, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» -ն ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: