ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է ամեն ինչի և գնալու է մինչև վերջ: Այս մասին նա հայատարարեց իր տանն այսօր առավոտից ԱԱԾ խուզարկությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում:
«Այս պահը սարքած է, քաղաքական է: Ինչ ուզում է այսօր գործադրեն, շանտաժ, թե այլ բան, բայց ես ասում եմ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»,- ասաց նա, ավելացնելով, որ պատրաստ է «նստել», թեպետ գործը «սարքած է»:
Ծառուկյանը ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունները այն, ինչ խոստացել են, բոլորը ձախողել են, գործիչներն իրենց տեղերում չէն, անփորձ են և ձախողել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, ու թե՛ անգամ առողջապահական ոլորտում:
«Ես ձեզ ասում եմ, որ երեք ամիս հետո սով է լինելու, համաճարակը չի կանգնելու՝ մինչև գլոբալ խնդիրները չլուծեն»,- նշեց նա:
Այնուհետև Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է հարցաքննության ու իր առանձնատան դարպասներից ներս մտավ՝ անպատասխան թողնելով հարուցված քրեական գործի մասին լրագրողների հարցերը:
ԲՀԿ առաջնորդի տան մոտ հավաքված մեծ թվով աջակիցները «Ծառուկյան» բղավելով նշեցին, որ նրա հետ գնում են հարցաքննության ու փորձեցին նրա հետևից ներս մտնել: Սկսվեց իրարանցում ու հրմշտոց, որը դադարեց միայն, երբ Ծառուկյանի տան դարպասը նրա հետևից փակվեց ու ոչ մեկին թույլ չտվեցին մտնել տարածք:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է անցկացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:
Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցների խոսքով՝ խուզարկություններ են ընթանում նաև կուսակցության այլ անդամների տներում: Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտարարելով, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող խաղատների գործունեության վերաբերյալ:
«Օնիրա Քլաբ»-ն ու «Շանգրի Լա» խաղատունը ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և դրանով իսկ խախտվել է 2014թ-ի հունվարի 1- ից ուժի մեջ մտած «Շահումով խաղերի ու խաղատների մասին» ՀՀ օրենքը. պետությանը պատճառվել է 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս:
Նշենք, որ, ըստ ՀՀ պետռեգիստրի կայքի՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի սեփականատերերն են Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները և «Մուլտի գրուպ կոնցեռնը»: