ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16004–ի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դառնացել է։
«Մեր գործերը լավ չեն, նոր ռեկորդ ենք ունեցել, 723 նոր դեպք է արձանագրվել։ Մահերի թիվը` 6, բուժվածների թիվը` 442,– Facebook–ի ուղիղ եթերում ասաց նա։– Ես պիտի անկեղծ ասեմ` դառնացած եմ։ Ոչ միայն այս թվերի հետ կապված։ Այսօր աշխատանքի եմ եկել Սևանից, և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները, ամենաբացահայտը դիմակ չդնել է»։
Եվս 11 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 65 տարեկան է
Փաշինյանը սկսել է մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, և հանրային վարքագիծը պետք է հասկանալ այլ տեսակետից։
«Այսօր ես փողոցում տեսնում էի քայլող մարդկանց, և քանի որ նախորդ օրերին այցելել եմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, այնպիսի տպավորություն էր, թե այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք։ Ուզում էի կանգնել, ասել` հարգելիս, ո՞ւր ես գնում, կանգ առեք, ժողովուրդ ջան»,– նշեց նա։
Փաշինյանը մի հետևություն է արել, թեև ասում է` գուցե սխալվում է, բայց նրա խոսքով` այս ամենը մեր վերաբերմունքն է մեր պետական կարգի նկատմամբ։
«Իմ ակնկալիքը, կոչը այն է, որ մենք բոլորս` որպես քաղաքացի, պաշտոնները դնենք մի կողմ և կարգ հաստատենք։ Իսկ սա նշանակում է երկու բան։ Որ յուրաքանչյուրը կատարում է կարգից բխող պայմանները , կարգ է ստեղծում իր վարքագծով և ուրիշից էլ պահանջում է նույն բանը, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը դառնում է ամոթի պես մի բան, որ կարգը կատարողը իրեն զգա «իզգոյ»։ Կներեք կոպիտ բառի համար»,– ընդգծեց վարչապետը։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում սկսեց աշխատել նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան հունիսի 4-ին։
Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
ՀՀ կառավարությունը հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 13-ը։
Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան