Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից դուրս են գրել, բայց նրա վիճակը ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այժմ մեկուսացել է տանը, որը վերազինվել է վերակենդանացման սարքավորումներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Հունիսի 9-ին Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվել:

«Գրիգորյանը տանը բուժում չի ստանում: Բժիշկները զուտ կոնսերվացնում են նրա հիվանդությունները։ Ջերմաստիճանի կտրուկ անկում, սրտի կանգ է ունեցել, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ կարողացան մահվան մահճից հետ բերել։ Բայց վիճակի կայունացումն առերևույթ է, այսինքն` ցանկացած պահի կարող է նորից վատանալ։ Այժմ նա մեկուսացել է տանը, որը վերազինվել է վերակենդանացման սարքավորումներով, սակայն նրա վիճակը, մեկ է, ծանր է»,-ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով նրա առողջական վիճակից, որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն էր տեղափոխվել։

Օրերս Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։