ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների տվյալների հանրայնացման լուրին:
«Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,-գրել է նա:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով հիվանդ մոտ 3500 մարդու տվյալներ են հանրայնացրել: Մարտիրոսյանը նշել էր, որ չի կարող ասել, թե այդ տվյալներն իրական են, թե հորինված, մինչև չստուգվեն:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը (+6)։