Արցախում ևս 10 մարդ է վարակվել կորոնավիրուսով. 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են

Վարակվածներից մեկը նոր է վերադարձել ՀՀ-ից, և բժիշկներին դիմելուց հետո է նրա մոտ պարզվել կորոնավիրուսի առկայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` նշելով, որ վարակվածների թիվը հասել է 78-ի։

«Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում` մեկը նախկինում հաստատված վարակակիրների հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից, և բժիշկներին դիմելուց հետո է նրա մոտ պարզվել կորոնավիրուսի առկայությունը: Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները, որոնք վարակվել են կորոնավիրուսով, հաստատված վարակակիրների կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, որոնք վարակվել են սգո արարողության ժամանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID 19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:

Բարեբախտաբար, Արցախում կորոնավիրուսից մահանալու ոչ մի դեպք դեռ չի գրանցվել։

Արցախի Հանրապետության պարետատունը հորդորում է հետևել պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը (+6)։