ՌԱԴԻՈ

Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ընդդիմադիր դաշտից հնչող այն տեսակետին, թե կառավարությունը ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի մարդիկ չկարողանան իրացնել ազատ հավաքներ անցկացնելու իրենց հիմնարար իրավունքը։
Sputnik
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` նախորդ անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց զուտ նրա համար, որպեսզի լուծվեր հանրաքվեի հետ կապված հարցը, քանզի եթե արտակարգ դրությունը չերկարաձգվեր, ապա ստիպված էին լինելու հանրաքվեն կազմակերպել ու անցկացնել։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տեսաուղերձների ֆլեշմոբ անել

«Հանրաքվի ժամանակ իշխանությունը պարտվելու էր, հետևաբար արտակարգ դրությունը երկարաձգվեց զուտ քաղաքական նկատառումներով, իսկ հիմա իշխանությունը գնում է այդ քայլին զուտ նրա համար, որ Հայաստանում, ըստ ընդդիմության, չլինի քաղաքական որևէ ակտիվություն։ Իշխանության ու գլխավոր իշխանավորի վարկանիշը բավականին անկում է ապրել, ինչն արդեն տեսանելի է, բացի դրանից, սոցիալական շատ ծանր վիճակ է, ինչը կարող է գեներացվել ու վերածվել որոշակի գործողությունների` լինի հանրահավաք, ցույց, երթ կամ բողոքի այլ ակցիա, որոնք արգելված են արտակարգ դրության պայմաններում»,– նշում է քաղտեխնոլոգը։

Եղած տեղից հազիվ ենք հասցնում, որտեղի՞ց փող խնայենք. հարցախույզ Երևանում

Բադալյանին զարմացնում են որոշ իրողություններ, ըստ նրա` մոտ տասը հոգի հավաքվում են ԱԺ–ի մոտ, իրար միջև պահպանում են սոցիալական հեռավորություն ու բողոքում, բայց նրանց ասում են, որ դա չի կարելի անել արտակարգ դրության ժամանակ, հետևաբար ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, մինչդեռ նույն տասը հոգին իրար ավելի մոտ կանգնած կարող են օրինակ առևտուր անել սուպերմարկետում և դրա համար ոստիկանությունը նրանց չի անհանգստացնի։

«Խաբկանք է այն, որ արտակարգ դրության ռեժիմը զուտ նրա համար է, որպեսզի բողոքի ցույցեր տեղի չունենան, որովհետև վերջին ամսվա ընթացքում փորձը ցույց տվեց, որ բողոքավոր զանգվածներն այդուհանդերձ արտահայտում են իրենց դժգոհությունը, ինչի ականատեսը եղանք Կապանում և Քաջարանում։ Ստացվեց աբսուրդային իրավիճակ, ասում են, որ արտակարգ դրությունը երկարաձգում են, որ ակցիաներ չլինեն, սակայն մյուս կողմից էլ ոստիկանությունը ուժ չի կիրառում և չի ցրում նման ակցիաները»,– նշում է քաղտեխնոլոգը։

Բադալյանի եզրահանգմամբ` եթե իշխանությունը նույնիսկ ցանկանում է արտակարգ դրությունը երկարաձգելով բացառել խնդիրները, այդուհանդերձ այս ընթացքում դրանց ի հայտ գալու դեպքում որևէ լուծում չի տալիս, քանզի ուժի կիրառումը կարող է ավելի ծավալուն դժգոհությունների տեղիք տալ։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։

Այսօր առավոտյան Ռուբեն Մելիքյանը մի քանի այլ իրավապաշտպանների հետ ԱԺ–ի դիմաց պահանջում էր իշխանություններից վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը, որոնք արտակարգ դրության պայմաններում արգելված են։ Ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել, հետո ազատ արձակել։